ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Հետընտրական Հայաստանը լինելու է շարքային քաղաքացու համար տեսանելի տեղաշարժերի Հայաստան»

«Հետընտրական Հայաստանը լինելու է շարքային քաղաքացու համար  տեսանելի տեղաշարժերի Հայաստան»
30.11.2012 | 00:12

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՍԾՏՀ ԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

-Նոյեմբերի 26-ին Բաքվում իր աշխատանքներն է սկսել ՍԾՏՀ ԽՎ 40-րդ նստաշրջանը, և հայկական պատվիրակությունը, որ մշտապես ակտիվ է այդ կառույցում, չի մասնակցում նստաշրջանի աշխատանքներին։ Ինչո՞ւ:
-Այո, հայկական պատվիրակությունը միշտ շատ ակտիվ է մասնակցել վեհաժողովի աշխատանքներին, մենք պատրաստվում էինք մասնակցելու նաև այս վեհաժողովի աշխատանքներին, հատկապես, որ օրակարգում կար մեր պատվիրակության համար կարևոր մի հարց, որի լուծմանը մենք հետամուտ էինք երկար ժամանակ: Մենք նույնիսկ պատվիրակության անդամների համար ապսպրել էինք Երևան-Մոսկվա-Բաքու, Բաքու-Մոսկվա-Երևան օդանավի տոմսերը: Մեր պատվիրակությունը պատրաստել էր բոլոր քննարկվելիք հարցերի վերաբերյալ ելույթներ: Վեհաժողովի աշխատանքներից տևական ժամանակ առաջ նամակ գրեցինք վեհաժողովի նախագահ, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովին` տեղեկացնելով, որ վեհաժողովին հայկական պատվիրակության մասնակցության խնդրի դրական լուծման համար անհրաժեշտ են հրավիրողի կողմից անվտանգության երաշխիքներ: Ցավոք, Բաքվից որևէ պատասխան չստացանք: Երբ արդեն աշխատանքային շաբաթն ավարտվեց, փորձեցինք վեհաժողովի գլխավոր քարտուղար պարոն Տրետյակի օգնությամբ, որ վեհաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով գտնվում էր Բաքվում, պարզել, թե վերջապես ե՞րբ պատասխան կստացվի Բաքվից: Որոշ ժամանակ անց նա հաղորդեց, որ եթե որևէ պատասխան լինի, կլինի նոյեմբերի 26-ից ոչ շուտ, երբ վեհաժողովի աշխատանքներն արդեն սկսված կլինեն: Փաստորեն, դա նշանակում էր անել ամեն ինչ, որ հայկական պատվիրակությունը չկարողանա մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Ես դա գնահատում եմ որպես մեր պատվիրակության` վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու և քննարկվող հարցերի վերաբերյալ մեր տեսակետները ներկայացնելու իրավունքի կոպիտ ոտնահարում:
-Հայկական պատվիրակությունն ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ էր ուզում, եթե Բաքվում պարտավոր են պահպանել ՍԾՏՀ ԽՎ վեհաժողովի բոլոր պատվիրակների անվտանգությունը:
-Ձեր հարցը վերաբերում է խնդրի էությանը: Ավելին, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը, իբր տարակուսած, հարցնում է` մի՞թե հայկական կողմը ադրբեջանական պատվիրակությանը Հայաստան այցելելիս որևէ անվտանգության երաշխիք է տրամադրում, մոռանալով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս առումով բացարձակապես անհամեմատելի են: Ադրբեջանում մանկապարտեզի ուսուցչուհուց սկսած մինչև հանրապետության նախագահ հակահայկական քարոզչություն են իրականացնում` սերմանելով ատելություն հայ ժողովրդի նկատմամբ: Երբ Բուդապեշտում պաշտոնական առաքելությամբ գտնվող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարում են, և ադրբեջանական իշխանությունները հերոսացնում են մարդասպանին ու ազատազրկման տարիների համար նույնիսկ աշխատավարձ են վճարում` հավաստելով, որ պաշտոնական Բաքվի առաջադրանքն է կատարել, ընդունեք, որ երաշխիքներն առավել քան անհրաժեշտ են: Այսքանից հետո բնական է, որ պաշտոնական մակարդակով Բաքու մեկնող որևէ հայկական պատվիրակություն պետք է անվտանգության երաշխիքներ ստանա, սա մասնավոր այց չէ, որ անձն ինքը կողմնորոշվի իր անվտանգության հարցերում:
-Բաքուն, այնուամենայնիվ, հայտարարում է, որ երաշխիքներ հայկական պատվիրակությանը տրվել են:
-Ադրբեջանական կայքերից մեկը գրեց, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի մամլո ծառայության ղեկավարն ասել է, թե օգոստոսին, ի թիվս այլ պատվիրակությունների, հայկական պատվիրակությանը ևս հրավեր է ուղարկվել, նաև` անվտանգության երաշխիքների առկայությունը հավաստող փաստաթուղթ: Բայց մամլո ծառայության ղեկավարն ուղղակի ստում է, նման փաստաթուղթ մենք չենք ստացել: Հանրությանը մոլորության մեջ գցելու համար Ադրբեջանը հերթական սուտն է մատուցում, բայց, կարծում եմ, միայն սեփական հանրությանը, որովհետև միջազգային հանրությունն արդեն սովորել է ադրբեջանական ստերին և հավատալու հիմք չունի նման հայտարարություններին:
-Այլ երկրների պատվիրակներն ինչպե՞ս վերաբերվեցին հայկական պատվիրակության բացակայությանը:
-Դժվարանում եմ ասել, թե այլ երկրների պատվիրակություններն ինչպես վերաբերվեցին մեր իրավունքներից մեզ զրկելու Ադրբեջանի պահվածքին: Կարող եմ ասել նախկինում ինչ է եղել. երբ նման մերժումից հետո հաջորդ վեհաժողովի ժամանակ ես այդ հարցը բարձրացրել եմ, ցավոք, որևէ երկրի պատվիրակություն կամ պատգամավոր չի սատարել մեզ: Դա ցավալի է, առավել ևս, որ որևէ երկիր երաշխավորված չէ, որ նման խնդրի չի բախվելու, ըստ էության, դա Բաքվի հերթական ամենաթողության խրախուսում է: Հաջորդ վեհաժողովի ժամանակ ես այդ հարցը բարձրացնելու եմ` չունենալով մեծ ակնկալիքներ:
-Վերադառնանք Հայաստան, Ձեր կարծիքով` ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում: Երբ նախագահի թեկնածուների առաջադրմանը մեկ ամսից քիչ ժամանակ է մնում, Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումից բացի, որևէ որոշակիություն չկա: Դա նորմա՞լ է:
-Որևէ այլ երկրում նման իրավիճակը չափազանց արտառոց կգնահատվեր, որովհետև նախագահական ընտրությունները երկրի ճակատագրի համար կարևորագույն քաղաքական միջոցառում են, և քաղաքական կուսակցությունները, եթե իրենք իրենց այդպիսին են համարում, պիտի պատրաստվեն շատ վաղուց: Թեկնածուների փնտրտուքի վերաբերյալ քննարկումներ պիտի ունենան, թեկնածուին ներկայացնեն հանրությանը, ճշտեն հանրության արձագանքը: Մեզ մոտ, ցավոք, վիճակը մտահոգիչ է, և դա ինձ թույլ է տալիս պնդել, որ քաղաքական ընդդիմության դաշտում լրջագույն պրոբլեմներ կան: Այն, որ այդ կուսակցություններն իրենց թեկնածուի վերաբերյալ հստակ տեսակետ չունեն կամ թաքցնում են այդ տեսակետը հանրությունից, կուսակցությունների մասին դրական չի խոսում: Եթե նրանք շարունակեն այդ կեցվածքը, իրենց համակիրների բանակը, կարծում եմ, էապես կնվազի, և դա կլինի համարժեք պատասխան. քաղաքական ուժը պարտավոր է իր համակիրներին տեղյակ պահել իր քայլերի մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նախագահական ընտրություններին:
-Ձեզ չի՞ թվում, որ ՀԱԿ-ը պարզապես թեկնածու չունի, այլապես վաղուց կբարձրաձայներ:
-Ես չեմ շտապում այդ տեսակետն ընդունել, բայց կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է, քաղաքական ուժը պարտավոր է իր որոշումների մասին վաղօրոք տեղեկացնել և՛ հանրությանը, և՛ իր համախոհներին: Հակառակ պարագայում լուրջ մտավախություններ են առաջանում:
-Ե՛վ ՀԱԿ-ի, և՛ ՀՅԴ-ի պարագայում ակնհայտ է, որ սպասում են ԲՀԿ-ի որոշմանը:
-Շատ մռայլ կլիներ մեր քաղաքական դաշտի պատկերը, եթե այդպես է:
-Ոչ միայն մռայլ է, այլև վանող:
-Ես չէի ուզենա այդպես մտածել քաղաքական ուժերի մասին: Որևէ քաղաքական ուժ իր որոշումը չպիտի պայմանավորի մեկ այլ քաղաքական ուժի որոշմամբ: Դա իսկապես մռայլ կլիներ ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ողջ քաղաքական դաշտի համար:
-Նոյեմբերի 6-ից այլընտրանքային ԲՀԿ-ն նախաձեռնել է քաղաքական քննարկումներ: Եթե սկզբում թվում էին քաղաքական, աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ որևէ քաղաքական խնդիր չկա, կա զբաղմունքի փնտրտուք կուսակցությունների համար:
-Եթե անդրադառնանք ԲՀԿ-ի այլընտրանք լինելուն, դժվար է ասել` ո՞ւմ են այլընտրանք, իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:
-Գուցե իրենք` իրենց. եթե իրենք իրենց այլընտրանք չեն, և տեսակետները միասնական են, իրենց համար էլ շահեկան է բարձրաձայնելը:
-Ես չեմ կարծում, որ իրենց քայլերն ի վնաս իրենց են, հակառակը, եթե կարողանում են քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի որոշումները կանխորոշել իրենց որոշմամբ, մեծ հեղինակություն են ստանում հասարակության մեջ` ի հաշիվ մյուս ընդդիմադիր կուսակցությունների կրավորական պահվածքի: Բայց դա արդեն ԲՀԿ-ի խնդիրը չէ: Դա մյուս կուսակցությունների խնդիրն է:
-Գուցե, բայց անընդհատ ձգձգվող լարը կտրվում է: Այդքան լիցքեր կենտրոնացնելը նաև այդքան պատասխանատվություն ստանձնել է նշանակում:
-Դա ՀՀԿ-ի խնդիրը չէ, այլ այն քաղաքական ուժերի, որ մտել են շրջապտույտի մեջ: Մենք ունենք մեր թեկնածուն, հաղթելու նրա շանսերը շատ բարձր են, անկախ մյուս քաղաքական ուժերի մարտավարությունից, անկախ ով ում հետ ինչ ալյանս կկազմի կամ չի կազմի:
-ՀՀԿ-ն չի՞ զգուշանում, որ գործնականում ընտրություններն անմրցակից են:
-Ոչ, որովհետև այդ դեպքում առկա քաղաքական ուժերը կստորագրեն իրենց մահվան դատավճիռը, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, կգան նոր կարող ուժեր: Հանրությանը, համախոհներին հիասթափեցնելը որևէ քաղաքական ուժի համար լուրջ փորձություն է ենթադրում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրա ապացույցն են:
-Իշխանությունն այս իրավիճակի համար մեղավոր չէ՞:
-Իշխանությունն արեց ավելին, քան հնարավոր էր պատկերացնել: Հիշեք` ինչ իրավիճակ էր մարտի 1-ից հետո, ինչ լարվածություն ու անվստահություն կար ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ողջ հանրության մեջ: Հետևողական աշխատանքի արդյունքում քաղաքական դաշտն այսօր ավելի ցիվիլ է դարձել: ՀԱԿ-ն այսօր խորհրդարանում է, որ կարևոր իրողություն է, և ճիշտ չէ մեղադրել իշխանությանը: Հակառակը` ամեն ինչ արվեց, որ քաղաքական դաշտում տիրապետի բնականոն, առողջ մրցակցություն, և քաղաքական կուսակցությունները հնարավորություն ունենան առավել անկաշկանդ մասնակցելու նախագահական ընտրություններին:
-Ձեզ չի՞ թվում, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական, ընդամենը նյութական բարիքների վերաբաշխման խնդիր է լուծվում:
-Չեմ կարծում, որ իրենց որոշումները չկայացնող ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն նման խնդիր ունեն:
-Նման խնդիր ունի ԲՀԿ-ն և առանձնապես չի էլ թաքցնում:
-Կարծում եմ` ԲՀԿ-ն կառաջադրի նախագահի իր թեկնածուին, և այդ առումով մենք չենք ունենա Ձեր նշած խնդիրը:
-Ընդդիմադիր դաշտն ի վիճակի կլինի՞ միասնական թեկնածու ունենալու, թե՞ դա միֆ է:
-Դժվարանում եմ պատասխանել: Նայած` ինչ խնդիր իր առաջ կդնի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը, որովհետև տեսանելի տարբերություններ կան այդ կուսակցությունների ներքին ու արտաքին քաղաքական դիրքորոշումների մեջ: Ակնհայտ է, որ միասնական թեկնածուի առաջադրումն էապես կուժեղացնի այդ թեկնածուի դիրքերը, բայց կուսակցությունները պետք է կարողանան հանրությանը բացատրել սեփական թեկնածուով հանդես չգալու պատճառները: Չշտապենք, այն քաղաքական ուժերը, որ այսօր դեռ կողմնորոշված չեն, թերևս մտածում են, թե ինչ կշահեն և ինչ կկորցնեն կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով:
-«Ասեմ, չասեմ, ինչ ասեմ» խաղի ընթացքում պիտի հիշենք, որ մեր երկրում կան տնտեսական, սոցիալական բազում խնդիրներ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, եթե այդ ամբողջ նեգատիվ տեղեկատվությունն ընտրարշավի ընթացքում լցվի դաշտ, ի՞նչ է լինելու:
-Ես առավել քան համոզված եմ, որ այդ խնդիրներին բոլոր թեկնածուներն անդրադառնալու են և մեր թեկնածուն ասելու է ամենահամոզիչ խոսքը, որի իրավունքը ձեռք է բերել աշխատանքով: Եթե անդրադառնանք անցած տարիներին, Ձեր նշած բոլոր խնդիրների ուղղությամբ մենք ունեցել ենք էական բարելավումներ: Ասել, որ այդ բարելավումները բավարարում են շարքային քաղաքացուն, չեմ կարող: Հակառակը` կան հիմնավորված դժգոհություններ, սակայն առավել քան համոզված եմ, որ նախագահական ընտրություններից հետո գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին այլ քաղաքականություն է վարելու: Ձեռք բերված հաջողությունները թույլ կտան ավելի վճռական ու արդյունավետ լուծել այդ խնդիրները:
-Եթե հինգ տարի իշխանությունն ինքն իրեն խանգարել է, որովհետև նորմալ գործելու պարագայում այդ խնդիրները նվազած կլինեին, հաջորդ հինգ տարվա համար ի՞նչ երաշխիք կա:
-Հիշեք` ինչպիսին էին այդ հինգ տարիները, ինչ խնդիրներ էին կաշկանդում վճռական քայլերին: Ներքաղաքական վիճակի և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը չափազանց մեծ ներուժ էր պահանջում: Մեծագույն ջանքերի գնով հաջողվել է լուծել այդ երկու խնդիրը, ներքաղաքական կայունություն է ստեղծվել, աննախադեպ խորությամբ ճգնաժամը հաղթահարելու նախադրյալներ կան: Այս երկու խնդիրները թույլ չէին տալիս շատ ավելի ֆունդամենտալ հաջողություններ ունենալ: Երբ Եվրոպան չի կարողանում դուրս գալ ճգնաժամից, և ՀՆԱ-ի 0,2 տոկոս աճը արդեն մեծ ցուցանիշ է համարվում, մենք այս տարի կունենանք ՀՆԱ-ի 7 տոկոս աճ` ունենալով շրջափակման պրոբլեմը, չհայտարարված ու չավարտված պատերազմական վիճակը: Սա նոր տնտեսական քաղաքականության արդյունքն է:
-Հետընտրական ի՞նչ Հայաստան եք պատկերացնում:
-Սկսված աշխատանքները, որ միտված են ժողովրդին անհանգստացնող պրոբլեմների վերացմանը, շարունակվելու են ավելի ինտենսիվ և տալու են բոլորի համար տեսանելի արդյունքներ: Հետընտրական Հայաստանն իսկապես լինելու է շարքային քաղաքացու համար տեսանելի տեղաշարժերի Հայաստան:
-Շատ լավատես չե՞ք, ռիսկեր չե՞ք տեսնում:
-Իհարկե կան` և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքաղաքական: Արտաքին քաղաքական ռիսկերից են Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված զարգացումները, Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացները, որտեղ հայկական մեծ համայնքներ կան: Մենք ունենք ընդամենը երկու ցամաքային ճանապարհ` Վրաստանով և Իրանով: Եթե ԻԻՀ-ի ճանապարհը փակվի, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճնշումներ են լինելու: Բայց պարտավոր ենք դիմակայելու: Ներքին ռիսկեր, իհարկե, կան, այս առումով և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ողջ հայությունը պետք է դասեր քաղեն նախորդ քաղաքական իրավիճակներից, այլևս երբեք իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը չպետք է իրենց թույլ տան ներքաշվել մեր առաջընթացը կասեցնելու ունակ քաղաքական զարգացումների մեջ:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ